Օրենքների մասին խոսելիս պետք է նկատել, որ խնդիրն ավելի խորքային է եւ գալիս է նրանից, որ մեր հասարակության իրավագիտակցությունը շատ ցածր է:

Հասարակությունը չի տիրապետում հսասրակ օրենսդրական ակտերին, որպեսզի կարողանա ինքն իր իրավունքները պաշտպանի: Խնդրին լուծում տալու համար, ճիշտ կլինի, որ մենք շատ ավելի հետ գնանք ու փորձենք մտցնել այնպիսի կարգ, որ կարողանանք դպրոցներում ուսուցանել իրավագիտությունը որպես առարկա, որպեսզի հասարակության մեջ մտնի տարրական իրավական գիտելիքները, որը այսօրվա դրությամբ բոլորին էլ անհրաժեշտ է:

Օրինակ մարդուն ազատում են աշխատանքից եւ նա չգիտի ինչ անի, ուր դիմի: Հավատացնում եմ, որ շատերը նույնիսկ տեղյակ էլ չեն, որ իրենք կարող են վերականգնվել աշխատանքի, պայքարել իրենց իրավունքների համար, սակայն օրենքների չիմացության հետեւանքով ուղղակի գլխիկոր հեռանում են:

Եթե նայենք օրենքների տեսանկյունից, ապա մեր օրենսդրությունը բավականին հաջողված է, տալիս է արտոնություններ, հնարավորություններ հենց աշխատողին, այն առումով, որ աշխատողը ազատված է դատարան դիմելու համար պետական տուրքի վճարումից, անվճար տրամադրվում են նաեւ հայցադիմումի օրինակները:

Օրենքները հարգելու հարցում մեզանից յուրաքանչյուրը ինքն իրենից պետք է սկսի: Հասարակ մի բան, մենք հայերս սովոր ենք փողոցը անցել ցանկացած մասում, որտեղ մեզ այդ պահին հարմար է, սակայն հայտնվելով Ռուսաստանի Դաշնությունում չգիտես ինչու փողոցը անցնում ենք միմիայն սահմանված տեղում: Ասել, որ մեզ մոտ չկա այդ իմացությունը, որ պետք է փողոցը անցնել սահմանված տեղում, այդպես չէ, ուղղակի մենք բոլորս միասին պետք է կամք դրսեւորենք եւ մեզանից յուրաքանչյուրը պետք է իր մեջ սկսի հարգել օրենքը:

Մեր երկրում շատ լավ օրենքներ կան գրված, սակայն դրանց մեծ մասը ուղղակի չի կիրառվում: Կարծում եմ պետական մոտեցում է պետք: Պետությունը պետք է պահպանի օրենքի առաջ բոլորի հավասարության սկզբունքը, որը ի դեպ ամրագրված է նաեւ մեր սահմանադրությամբ:

Հանրապետությունում կան գործող թեժ գծեր, որոնք ըստ էության պետք է օգնեն քաղաքացուն կողմնորոշվել այս կամ այն հարցում: Շատ դեպքերում քաղաքացիները նույնիսկ չգիտեն, թե երբ ում պետք է դիմել: Պատահում է դիմում են այնտեղ, որտեղ չեն կարող իրեն մասնագիտական օգնություն ցուցաբերել եւ պահանջում, որ այդ օգնությունը ցուցաբերվի: Արդյունքում առաջանում է վեճ, դժգոհություն:

Շատ են նաեւ դեպքերը, երբ քաղաքացիներն քաղաքացիաիրավական ոլորտի տարբեր հարցերով դիմում են դատարան եւ ըստ իրենց չցանկանալով ավելորդ գումար ծախսել, չեն օգտվում փաստաբանական ծառայությունից եւ իհարկե վերջում կանգնում են փաստի առաջ: Ճիշտ կլինի որպեսզի քաղաքացին ոստիկանություն, դատախազություն, դատարան դիմելուց առաջ, եթե նույնիսկ չի ցանկանում օգտվել փաստաբանի ծառայություններից, գոնե խորհրդակցի իրավաբանի հետ, որպեսզի ընդհանուր ինֆորմացիա ստանա թե արդյոք ճիշտ տեղ է նա դիմում: Ինչ վերաբերվում է այն հարցին, որ քաղաքացին գումար չունի եւ չի կարող օգտվել փաստաբանի ծառայություններից, պետք է նկատեմ, որ փաստաբանական ինստիտուտը Հայաստանում արդեն իսկ կայացած է եւ փաստաբանական շուկայում կա մեծ մրցակցություն: Գնային առումով եւս կա ընտրության հնարավորություն, եթե մի փաստաբանի ծառայությունների արժեքը իրեն ձեռնտու չէ, կարող է դիմել մյուսին մինչեւ կգնտի իր գրպանին հարմար փաստաբան: Պետությունը քրեական ոլորտում անվճար տրամադրում է փաստաբան, մնացած ոլորտներում հարցերը ծագում են այն ժամանակ, երբ քաղաքացին ցանկանում է ինչ որ բան բաժանել, առանձնացնել, ձեռք բերել, պայմանագիր կնքել, դրա կնքելուն հարկադրել եւ այն, այսինքն այդ հարաբերությունները ծագում են հիմնականում իր ցանկության դեպքում: Եթե քաղաքացին ցանկանում է դատարանում ունենալ հաջողություն, ապա նա միանշանակ պետք է օգտվի փաստաբանի ծառայություններից: