Օպերատիվ գործողությունների արդյունքում Հայաստանի շուկայում հայտնաբերվել են կեղծ կոնֆետներ՝ կեղծ ապրանքային նշաններով: № 1 փաստաբանական գրասենյակի փաստաբան Կարեն Աղաջանյանը իր տված հարցազրույցում պարզաբանել է, որ Հայաստանի Հանրապետությունում ապրանքային նշանին իրավական պահպանություն տրամադրվում է օրենքով սահմանված կարգով՝ դրա պետական գրանցման հիման վրա:

Ապրանքային նշանը կարող է գրանցվել իրավաբանական անձի կամ կազմակերպության անունով, ֆիզիկական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ անունով: Ապրանքային նշանի նկատմամբ բացառիկ իրավունքը ծագում է դրան իրավական պահպանություն տրամադրելու պահից եւ պատկանում է դրա սեփականատիրոջը:

Ապրանքային նշանի սեփականատերն ունի այն տիրապետելու, օգտագործելու եւ տնօրինելու, ինչպես նաեւ այլ անձանց կողմից դրա օգտագործումն արգելելու բացառիկ իրավունք: Առանց ապրանքային նշանի սեփականատիրոջ թույլտվության ոչ ոք իրավունք չունի օգտագործել Հայաստանի Հանրապետությունում պահպանվող ապրանքային նշանը:

Գրանցված ապրանքային նշանի սեփականատերը բացառիկ իրավունք ունի երրորդ անձանց առեւտրային գործունեության ընթացքում արգելել առանց իր թույլտվության ապրանքային նշանի կամ դրանով մակնշված ապրանքի օգտագործումը:

Ըստ օրենքի ապրանքային նշանի սեփականատերը ինքը պետք է փնտրի և հայտնաբերի իր ապրանքային նշանի ապօրինի օգտագործողին և դիմի դատարան օգտագործումն արգելելու և վնասի հատուցման պահանջներով: